ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Եթե երկու ազգերը միավորվեին, գիտե՞ք ինչեր կարող էին անել»

«Եթե երկու ազգերը միավորվեին, գիտե՞ք ինչեր կարող էին անել»
20.04.2018 | 00:53

«Իրատեսի» հյուրն է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ:


-Տիկին Վարժապետյան, անցյալ տարի Իսրայելում կայացավ Հայ-իսրայելական հասարակական միջազգային համաժողովը, որի նպատակն էր աջակցել և հարթակ ստեղծել երկու երկրների հասարակությունների միջև ամենատարբեր՝ մշակութային, բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության համար: Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ֆորումին մասնակցել եք նաև Դուք: Առայսօր ի՞նչ աշխատանքներ են կատարվել:
-Հայ-իսրայելական համաժողով ստեղծելու գաղափարը պատկանում է գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերին: Ես ուրախ եմ, որ երկու երկրների փոխհարաբերությունների բարելավմամբ երկու երկրներում կան շահագրգիռ մարդիկ: Մենք պետք է օգտագործենք այդ մարդկանց հնարավորությունները, որոնց գործարար կապերն ու հնարավորությունները կարող են նպաստել մեր ծրագրերի իրականացմանը: Ֆորումի նպատակն էր հասարակական հարթակը ծառայեցնել՝ ունեցած հսկայական ներուժը իրացնելու համար:
Ֆորումի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի և Իսրայելի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու խնդրին: Դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այսօր դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ Հայաստանից Իսրայել կարելի է մեկնել Վրաստանի տարածքով: Դրականն այն է, որ երկու երկրների միջև ստեղծվել է կանոնավոր թռիչքների հնարավորություն: Շաբաթվա ընթացքում երկու անգամ իրականացվում են Երևան-Թել Ավիվ ուղիղ չվերթեր, հետագայում դրանց թիվը կավելանա:
Երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները մեծ են: Իսրայելում լայն թափով գովազդվում են Հայաստանի պատմամշակութային վայրերը, ներկայիս քաղաքաշինությունը, մշակույթը, կենցաղը: Անցյալ տարի Իսրայելից բազմաթիվ լրագրողներ և տուրիստական գործակալություններ եկան Հայաստան, հրեական մամուլը բազմիցս անդրադաձավ Հայաստանին և շարունակում է լուսաբանել: Ես տեղյակ եմ, որ այս տարի սպասվում է շուրջ մեկ միլիոն իսրայելցի զբոսաշրջիկների այցելություն Հայաստան: Միտում կա նաև խորացնելու համագործակցությունը բժշկական ոլորտում: Հայ բժիշկները մեծ հեղինակություն են վայելում Իսրայելում: Ի դեպ, Իսրայելի բժիշկները հետաքրքրված են նրանց նվաճումներով, պրոֆեսիոնալիզմով:
Մշակույթի բնագավառում ցանկալի է Իսրայելում հայ գեղանկարիչների ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունների ընդլայնումը: Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունների նախաձեռնությունն ու նաև աջակցությունը: Առաջիկայում Երևանում անցկացվող «Արմմոնո» փառատոնին ներկա կլինեն նաև իսրայելցի չորս մասնակից: Այս տարի Իսրայելում անցկացվող բարեկամության մանկական փառատոնին կմասնակցեն հայ երեխաներ, կկայանա նաև լուսանկարչական ցուցահանդես։
-Իսկ Հայաստանի հրեական համայնքը ֆինանսապես ի վիճակի՞ է կազմակերպելու և անցկացնելու երկու ազգերի բարեկամության խորացմանը նպաստող միջոցառումներ:
-Ցավոք, մեր համայնքը չունի ֆինանսական այն հնարավորությունները, որոնցով հնարավոր լիներ առավելագույնս ընդլայնել հայ-հրեական փոխհարաբերությունները: Մեզ հիմնականում օգնում է Եվրասիական հրեական կոնգրեսը, որի օժանդակությամբ մենք կարողանում ենք հոգալ մեր գրասենյակի, հրեական համայնքի «Դավթի Վահան» (Маген Давид) թերթի հրատարակման և կայքի խնդիրները: Ցավոք, մեր համայնքում չկան այնպիսի հարուստ, գործարար մարդիկ, ովքեր կարողանային ֆինանսապես օգնել մեզ:
Հրեական համայնքի անդամներին աջակցում ենք մեր հնարավորության սահմաններում: Քանի որ մենք ֆինանսական սահմանափակ հնարավորություններով հասարակական կազմակերպություն ենք, ուստի մեր համայնքի անդամներին անհրաժեշտության դեպքում Իսրայել մեկնելու համար օգնում ենք միայն փաստաթղթերի ձևակերպման խորհուրդներով, երբեմն էլ ուսման հարցերում:
-Ինչպե՞ս կազդի համաժողովի աշխատանքը հայ-իսրայելական հարաբերությունների վրա։
-Երկկողմանի հարաբերությունների առումով կարող եմ ասել, որ տեղաշարժ կա: Երկուստեք հետաքրքրությունը մեծ է փոխադարձ կապեր հաստատելու և դրանք խորացնելու առումով: Սակայն մեծ հաշվով դեռևս այսբերգի միայն գագաթն է երևում, մինչդեռ ցանկալի է, որ հարաբերություններն ավելի խորքային լինեն: Հայաստանը և Իսրայելը տարբեր շահեր ունեն, սակայն մեր երկրներն ունեն նաև միանման աշխարհաքաղաքական խնդիրներ։
-Հայաստանի և Իսրայելի միջև 1992 թվականից հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, որոնք, սակայն, աչքի չեն ընկել առանձնակի ջերմությամբ: Որոշ դեպքերում երբեմն ակնհայտ է Իսրայելի ադրբեջանամետ դիրքորոշումը:
-Լուրջ համագործակցություն Հայաստանի և Իսրայելի միջև խոշոր հաշվով չկա: Սակայն Իսրայելում, որտեղ մեծ թվով հարուստ և գործարար ադրբեջանցիներ կան, նրանք իրենց ազդեցության լծակներն ուղղում են ոչ միայն Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդմանը, այլև Հայաստանի և հայերի դեմ: Այնտեղ ադրբեջանական լոբբին շատ ուժեղ է և լավ է աշխատում: Այս մասին բազմիցս եմ ակնարկել:
Իսրայելում այսօր ապրում են Հայաստանից մեկնած շուրջ 1000 քաղաքացի, կան նաև հայ և հրեա խառն ընտանիքներ: Նրանք անհրաժեշտ համառությամբ չեն պայքարում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որպեսզի հրեաները տեղեկանան հայերի ցեղասպանության մասին: Մինչդեռ մեր հարցում այլ է:
Տեսեք, ապրիլի 6-ին Երևանի 132-րդ դպրոցում մենք մասնակցեցինք «Իսրայելի դաս» միջոցառմանը, աշակերտները հայերեն և ռուսերեն ներկայացնում էին հրեա ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Համոզված եմ, որ այդ երեխաները մեծանալով հակասեմիտականներ չեն դառնա: Ես կարծում եմ, հնարավորության դեպքում կարելի է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեռնարկներ հրատարակել հայկական և հրեական դպրոցական ծրագրերում ընդգրկելու համար: Կարծում եմ, ֆինանսներ կգտնվեն այդ նախաձեռնության համար: Հրեաներին, ես կասեի դպրոցական տարիքից սկսած, նաև բուհերի ուսանողներին պետք է խորությամբ ներկայացնել հայերի ցեղասպանությունը: Իսկ դա պետք է իրականացվի հայերի ուժերով, ինչպես անում են հրեաները: Դրա համար ոչ մի ժամ ու րոպե չպետք է կորցնել:
Ինչ վերաբերում է Իսրայելի ադրբեջանամետ դիրքորոշման վերաբերյալ Ձեր ակնարկին, ապա կասեմ, որ ինձ համար էլ ցավ է, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն դա բիզնես է, ինչ է, Հայաստանը չի՞ կարող գնել, թե՞ մեծահարուստներ չկան, ովքեր կարող են դա անել հանուն երկրի:
Հրեաներն ու հայերը շատ խելացի են, ախ, եթե երկու ազգերը միավորվեին, գիտե՞ք ինչեր կարող էին անել:


Զրույցը՝
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ